Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող 59 միայնակ կենսաթոշակառուի համար կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական աջակցություն: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը։

Նշվում է, որ 2019թ. մայիսի 30-ի դրությամբ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվում են 59 միայնակ կենսաթոշակառու:

Օրինագծի ընդունմամբ կարգավորվելու է պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացը` նրանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները ամբողջությամբ փոխհատուցելու միջոցով: Օրենքի ընդունումից հետո կառավարության կողմից կհաստատվի սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

Նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12,000 դրամ (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144,000 դրամ, որը ամբողջությամբ փոխհատուցելու դեպքում 59 բնակչի հաշվարկով տարեկան 8,4 մլն դրամ: Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը տարեկան կտնտեսի 144,000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար: