Ենոքավանում հովազը հարձակվել է քաղաքացու վրա և մարմնական վնասվածքներ պատճառել
Լուրեր են տարածվել, որ Իջևանի անտառներից մեկում հովազը հարձակվել է քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանը նշել է, որ վերքերը մշակել-կարելը տևել է մոտ երկուսուկես ժամ։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Նշենք, որ Կովկասյան ընձառյուծը (հովազը) գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «կրիտիկական» կարգավիճակով: Ներկայում Հայաստանում հաշվառվում է 7-9 ընձառյուծ, որոնք Հայաստան հիմնականում գալիս են Իրանից: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի համաձայն՝ կովկասյան ընձառյուծ որսացողը կտուգանվի 3 մլն դրամով: Ապօրինի որսի համար պատիժ է սահմանվում նաև քրեական օրենսգրքով: Ի դեպ, Հայաստանի կառավարությունը 2019թ-ը հռչակել է Կովկասյան ընձառյուծի տարի: