Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ հրապարակեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատավճիռը:

Դատավոր Գագիկ Հեբոյանը մեղավոր ճանաչվեց իրեն վերագրվող կաշառք ստանալու արարքում և դատապարտվեց 7 տարի ժամկետով ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ, որը չի կարող գերազանգել 1 մլն 714 հազար 160 դրամը: Փաստաբան Վահագն Դանիելյանի՝ կաշառք ստանալու օժանդակության արարքը վերաորակվեց կաշառքի միջնորդության, նա դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման: Դանիելյանի՝ նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 1 ամիս, 5 օրը հաշվակցելով՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց 1 տարի, 10 ամիս, 25 օր ժամկետով ազատազրկումը: Դանիելյանի նիատմամբ կիրառված խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայրի դատավոր Գագիկ Հեբոյանը, զբաղեցնելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ՝ քաղաքացի Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019թ-ի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ մարտի 27-ին Փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտները վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Ըստ մեղադրանքի՝ դատավորը քաղաքացուն 3 580 000 դրամ պետական տուրքը վճարելուց ազատելու դիմաց պահանջել է 1 714 160 դրամին համարժեք 3500 դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում Գագիկ Հեբոյանը քաղաքացու հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել հիշյալ գործողությունը կատարելու դիմաց 1 224 400 դրամին համարժեք 2500 դոլար կաշառք ստանալու վերաբերյալ, խուսափելով կաշառքի առարկան անձամբ վերցնելուց և բացահայտվելուց` դատավորը դիմել է իր ծանոթ փաստաբանի` Վահագն Դանիելյանի օգնությանը. 2019թ. մարտի 27-ին հիշյալ քաղաքացին ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում 2500 դոլար կաշառքի գումարը տվել է փաստաբանին, որը նույն օրը այն փոխանցել է դատավորին:

Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, որից հետո գլխավոր դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ), որը բավարարվել է, ապա դատավորին մեղադրանք է առաջադրվել, և նա դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս պահին Հեբոյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ կասեցված են մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Փաստաբան Վահագն Դանիելյանը քննության սկզբնական շրջանում կալանքի տակ է եղել, ապա գրավով ազատ արձակվել:

Նշենք, որ ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: