Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ կասկածի տակ չի դնի Սիրիայում Ռուսաստանի աշխատանքն ու մտադիր չէ վերսկսել Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունները:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը անհրաժեշտ ոչինչ չեն արել թուրք-սիրիական սահմանից քրդական կազմավորումների դուրսբերման համար։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների և մեր դեսպանի միջև շփումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում մեր դեսպանին վստահեցրել են, որ Անկարան կասկածի տակ չի դնում Ռուսաստանի աշխատանքը: «Խաղաղության աղբյուր» գործողության վերսկսման մասին պարոն Չավուշօղլուն, իմ գործընկերն ու ընկերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը չեն խոսել»,- ասել է նա: