Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայն դրա՝ մի Կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս Կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտավորությունից։ Նրանք ազատվում են նաև միգրացիոն քարտ ներկայացնելու պահանջից:

Ըստ համաձայնագրի՝ 30 օրից ավելի գտնվելու դեպքում պարտավոր են հաշվառման կանգնել իրավասու մարմիններում:

Քաղաքացիներն, անկախ բնակության վայրից, իրավունք կունենան մուտք գործել, դուրս գալ, տարանցմամբ անցնել, տեղաշարժվել և մյուս կողմի պետության տարածքում գտնվել մինչև 90 օր՝ մուտքի պետության պետական սահմանը հատելու օրվանից։

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը նշել է, որ համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև տարբեր բնագավառներում հարաբերությունների ու համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի Ղազախստանում գործունեություն իրականացնելու համար։