ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը:

Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշել է, որ նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 մլրդ 526 մլն 457,8 հազար դրամ։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է՝ նիստերից մեկի ժամանակ պայմանավորվել էին, որ գույքի պետական գրանցում ստանալուց հետո միանգամից կանցնեն օտարման գործընթացին, ինչը հիմա տեղի է ունենում:

Նշվեց նաև, որ աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։ Փոխվարչապետը բոլոր գործարարներին, որոնք հետաքրքրված են գույքով, կոչ արեց մասնակցել աճուրդին։

Հիշեցնենք, որ հյուրանոցը պատկանում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին: Նրա ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը և հայտնել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելըս» հյուրանոցը նվիրում է պետությանը։