Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանի Աթոյան ու հարակից փողոցների բնակիչները դեռ այս տարվա հուլիսին ահազանգել էին, որ Աթոյան-11 փողոց անցուղի հատվածում վտանգված են քաղաքացիների ու հատկապես մոտակա դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա այցելող երեխաների անվտանգությունը։ Այս մասին գրում է Պանորամա-ն։

Երթևեկությունը կարգավորող նշանների բացակայության հետևանքով այստեղ հաճախ են վթարներ լինում, որոնց հետևանքով հաճախ տուժածներ են լինում։

Խնդրի մասին խմբագրությունը բարձրաձայնել է։ ՃՈ-ից քաղաքացիներին հորդորել են մի նամակ գրել, կպատասխանեն։

Խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմել են, որ անցած ժամանակահատվածում դիմել են ՃՈ, այնտեղից հորդորել են դիմել քաղաքապետարան։

«ՃՈ-ից ասում են, որ հարցը մեր լիազորությունների շրջանակում չէ, քաղաքապետարանից ասում են, մեր գործը չէ։ Հետո խոստացան թարթող լուսացույց տեղադրել, բայց մինչև այսօր որևէ դրական տեղաշարժ չկա», - նշել է Աթոյան փողոցի բնակիչներից մեկը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրլ է, որ այդ հատվածում մոտ օրերս հետիոտնային անցման նշաններ կտեղադրվեն՝
գծանշում և այլն:

«Ավելի ուշ արդեն կլուծվի արգելաթմբով կամ լուսացույցով կահավորելու հարցը», - ասել է նա։