Երևանյան դեղատներից մեկի տնօրենը ձերբակալվել է՝ դեղատանը հոգեներգործուն դեղապատիճներ են հայտնաբերվել:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 18-ին Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 44-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հոգեներգործուն դեղապատիճ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը դեղապատիճը գնել է Աջափնյակ վարչական շրջանի դեղատներից մեկից։

Նոյեմբերի 19-ին ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկել են դեղատունը և հայտնաբերել 56 հատ հոգեներգործուն դեղապատիճ։ Դեղատան տնօրենը բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին ու ձերբակալվեց։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնի դարձավ, որ նա հոգեներգործուն դեղապատիճները ձեռք է բերել Երևանի 44-ամյա մի բնակչից։ Վերջինս ևս հայտնաբերվել է, բերման ենթարկվել ու ձերբակալվել։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։