Մեծանուն հայ գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Թումանյանի թանգարանը կամփոփի մեծ ցուցահանդեսով, որի ժամանակ անդրադարձ կկատարվի նրա 50, 100, 150-ամյակներին, կներկայացվի այդ ամբողջ շղթան: Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը տեղեկացրել է, որ ցուցահանդեսը բացվելու է դեկտեմբերին ու շարունակվելու է մինչև մեծ դասականի ծննդյան օրը՝ 2020թ-ի փետրվարի 19-ը: Ցուցահանդեսի շրջանակում անդրադարձ կլինի նաև Թումանյանի ծննդյան 150-ամյակի շրջանակում թանգարանի կողմից հրատարկված գրքերի շարքին, մի մասը կներկայացվի փետրվարի 19-ին: Այս մասին գրում է Panorama.am-ը։

«Մի քանի լուրջ անակնկալներ ունենք, որոնց վրա աշխատել ենք տարվա ընթացքում: Հանրությունն այդ օրը կիմանա Թումանյանի մասունքների հետ կապված բաներ, որոնց մասին մինչև հիմա լուռ է եղել: Դրա մատուցման յուրահատուկ ձևաչափը գտել ենք, որովհետև շատ երկար ենք մտածել»,- ասել է նա:

Նրա խոսքով, դեռ նախորդ տարվանից թանգարանը ձեռնարկել է Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի լրամշակված հրատարակությունը: Տաս հատորից արդեն հրատարակվել է երեքը, չորրորդի վրա են աշխատանքներ տարվում: