ՀԿԵ. Գործադուլ իրականացրած աշխատակիցները չեն ազատվի աշխատանքից
Հոկտեմբերի 22-24-ին ՀԿԵ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցների հանդեպ չեն կիրառվի կարգապահական տույժեր։
Այս մասին հայտարարել են ընկերության ներկայացուցիչները ընկերության ղեկավարության, ընկերության արհմիության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչների, Գյումրիի դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ հանդիպմանը:
«Այս տարվա հոկտեմբերի 22-24-ի իրադարձությունների վերաբերյալ, երբ լոկոմոտիվային բրիգադները՝ խախտելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին նորմատիվները, դուրս չեն եկել աշխատանքի, նշվել է, որ աշխատակիցների հանդեպ չեն կիրառվի կարգապահական տույժեր: Համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է, ընկերությունը չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Ընկերությունից միաժամանակ զգուշացնում են, սակայն կրկնակի խախտման դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:
Ընկերությունը հաստատում է Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 10%-ով ս.թ. նոյեմբերի 1-ից: