Հայաստանում այսուհետ կգործի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ
Հայաստանում մոտ ժամանակներս կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ։ Այդ նպատակով ուսումնասիրվել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ապագա կառույցի գործառույթները։
Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները նվազագույնին հասցնելու նպատակով։ Կառույցը կարող է լրջորեն նպաստել պացիենտ-բժիշկ/բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերն արագ և արդյունավետ լուծելուն։
Մշակվել է «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը: Այն ներկայացվել է շահագրգիռ մարմիններին, դրվել շրջանառության մեջ, ապա, սահմանված ժամկետում, ներկայացվել է ՀՀ կառավարություն։
Հայեցակարգի ընդունումը իրավական հիմք կհանդիսանա «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակման համար։ Արդյունքում, առաջին անգամ կամրագրվի պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգայնորեն ընդունված առանձին ինստիտուտ` ապահովելով պացիենտների իրավունքների մասնագիտացված, անվճար, արագ և արդյունավետ պաշտպանությունը: