Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ին՝ Կանանց հանդեպ բռնությունների վերացման միջազգային օրը, մեկնարկում են «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը։ Քարոզարշավի նպատակն է օգնել աշխարհում կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանն ու վերացմանը։

Այս տարի քարոզարշավը կենտրոնանալու է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների, դրանց դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ և իրականացվեու է «Գենդերային հավասարություն՝ վերջ տանք սեռական ոտնձգություններին» կարգախոսի ներքո։ Քարոզարշավի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառուներ՝ նախատեսված տարբեր լսարաների համար։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» քարոզարշավին նվիրված ասուլիսում ասել է, որ գլոբալ առումով երեք կանանցից մեկը ենթարկվում է սեռական կամ ֆիզիկական բռնության իրենց կյանքի որևէ փուլում, հաճախ իրենց մերձավոր տղամարդու կողմից։

«Կանանց դեմ բռնությունը ոչ միայն հանցագործություն է, նաև կանանց դեմ լուրջ խտրականության ձև է, գենդերային հավասարության համար լուրջ խոչընդոտ է։ Սա լուրջ մարտահրավեր է ոլորտի համար»,- նշել է նա։

Շ. Շարփի խոսքով, կինը բռնության է ենթարկվում աշխատավայրում, կրթական հաստատություններում, ընտանիքում անկախ սոցիալական ու տնտեսական կարգավիճակի, տարիքի։

Նա նշեց, որ պետք է աշխատել իրազեկվծության բարձրացման վրա ճշգրիտ տվյալներ ստանալու համար, որպեսզի ամբողջական պատկեր ունենան և հասկանան, թե ի՞նչ ծավալի մարտահրավերի առաջ են կանգնած։