Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը փետրվարի 15-ին Իջևանում՝ Տավուշի մարզկենտրոնի՝ Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնում, կազմակերպել էր ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։ Այս մասին հայտնում է aniarc.am-ը։

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունուն որպես՝ մարդ, քաղաքացի, ճարտարապետ, պետական-կուսակցական գործիչ, ինչպես նաև նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը։

Հակոբյանը ներկայացրեց նաև ԱՆԻ կենտրոնի հրատարակությունները, այդ թվում՝ Քաջազնունու երկու գրքերը:

Քաջազնունու ծննդյան 150-ամյակի առիթով ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ ձեռնարկներ կկազմակերպի նաև Հայաստանի այլ քաղաքներում, որոնց մասին կտեղեկացվի նախապես։ Իջևանի ձեռնարկից առաջ ԱՆԻ կենտրոնը նմանօրինակ միջոցառում կազմակերպել էր նաև Ստեփանակերտում և Վանաձորում:

Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին, նոր տոմարով՝ 14-ին, Ախալքալակում՝ Ջավախք, Վրաստան: