ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է․

«Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել նաև Հայաստանում»։

Նշենք, որ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Սասուն Խաչատրյանն ասել է, որ Սուրիկ Խաչատրյանի գործով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, ուսումնասիրել են նրա պաշտպանի ներկայացրած բժշկական փաստաթղթերը, փորձագետը եկել է եզրակացության, որ այդ հիվանդության առկայության դեպքում Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել Հայաստանում։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, ինչպես նաև, պաշտոնեական դիրքն օգտագործելով և անձանց ապօրինի կարգադրություն տալով, դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք, ինչի հետևանքով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին: