Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում նախագահող դատավար Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դատական գործն առանձնացնել իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից։

«Դատարանն արձանագրում է, որ գործի հանգամանքներից ելնելով, Գրիգորյանի վատառողջ լինելու պատճառով, տվյալ գործից ենթակա է անջատման Նազիկ Ամիրյանի վերաբերյալ գործը»,- հայտարարեց դատավորը:

Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին, իսկ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը՝ դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։