Ստամբուլում ոստիկանները ցրել են կանանց իրավունքների համար պայքարող ցույցը: Այս մասին տեղեկացնում է tr.euronews.com կայքը:

Ակցիայի մասնակիցները երկուշաբթի՝ նոյեմբերի 25-ին, պաստառներով քայլերթ են անցկացրել՝ պահանջելով ընդլայնել կանանց իրավունքները:

Ակցիային մասնակցել է մոտ 2000 մարդ: Ոստիկանությունը ցույցը ցրելու համար արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ է կիրառել:

Թուրք իրավապաշտպանների համաձայն՝ 2019թ-ի սկզբից մինչև հիմա Թուրքիայում սպանվել է 378 կին, իսկ անցյալ տարվա ընթացքում՝ 440: Ակտիվիստները բազմիցս մեղադրել են դատական իշխանություններին կանանց դեմ բռնության համար մեղավորներին չափից մեղմ պատիժներ տալու համար:

Կանանց նկատմամբ բռնության դեմ ակցիաներ նոյեմբերի 25-ին տեղի են ունեցել բազմաթիվ երկրներում: Դա կապված է ՄԱԿ-ի որոշման հետ՝ նոյեմբերի 25-ը հռչակել Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր: