ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով գտնվում է Արցախում:

Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական ոլորտում Հայաստանի և Արցախի դատախազական համակարգերի միջև համագործակցության զարգացմանը, այդ շրջանակներում Արցախի դատախազության կարողությունների զարգացմանը, հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների փոխգործակցության, իրավական օգնության մեխանիզմների կատարելագործման հնարավորություններն ու հեռանկարները:

Արթուր Դավթյանը մասնակցել է Արցախի դատախազության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր նիստին: Արցախի դատախազներին և դատախազության աշխատակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է, որ Արցախի դատախազությունը կայացել է որպես համակարգ՝ առանցքային դերակատարություն ստանձնելով ողջ դատաիրավական համակարգում և հանդիսանալով Արցախում օրինականության ապահովման, քրեաիրավական ոլորտի բնականոն գործունեության հիմնական երաշխավորն ու շարժիչը: Նաև դրա շնորհիվ Արցախն իր ներքին իրավական կայունությամբ, հանցավորության վիճակի կատարյալ վերահսկելիությամբ, իրավապահ մարմինների փոխհամագործակցության մակարդակով ու համակարգվածությամբ շահեկանորեն տարբերվում է աշխարհի կողմից ճանաչված, այդ թվում նաև տարածաշրջանի շատ երկրներից: Ըստ գլխավոր դատախազի՝ երկու երկրների դատախազությունների միջև նախորդ տասնամյակներին ձևավորվել են հարաբերությունների կայուն ավանդույթներ, որոնք էապես նպաստում են հայկական երկու հանրապետություններում ժողովրդավարական հասարակությունների բնականոն կենսագործունեության և զարգացման համար անհրաժեշտ օրինականության և ներքին
իրավական անվտանգության միջավայրի ամրապնդմանը:

Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում նաև խորհրդակցություն է անցկացրել զինվորական դատախազության դատախազների հետ: Քննարկվել են 2019թ. ընթացքում զինված ուժերի ստորաբաժանումներում հանցավորության վիճակին, միտումներին, արձանագրված հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության ակտուալ խնդիրներին, զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ գլխավոր դատախազը առաջնային է համարել կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում, ԶՈՒ այլ ստորաբաժանումներում հանցագործությունների նախականխման և կանխման, զինծառայողների, սպաների և շարքային զինծառայողների միջև հարաբերություններում ոչ կանոնագրքային վարքագծի դրսևորումները բացառելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակման անհրաժեշտությունը:

Քրեական գործերի քննությունների օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հանցագործությունները ծնող պայմանների ու պատճառների վերացման ուղղությամբ դատախազական ներգործության միջոցների գործադրումը: Ելնելով խորհրդակցության արդյունքներից՝ Արթուր Դավթյանը տվել է կոնկրետ հանձնարարություններ: