Գերմանիայում մեկնարկել է Բեռլինալե միջազգային կինոփառատոնը։

Բեռլինալե Պալաստի՝ փառատոնի գլխավոր հարթակի կարմիր ուղեգորգով անցել են ժյուրիի անդամները, պատվավոր հյուրերը և ստուգատեսի մասնակիցները: Բեռլինալե Պալաստի մուտքի մոտ հյուրերին դիմավորել է փառատոնի տնօրեն Դիտեր Կոսլիկը:

Այս տարվա հիմնական մրցույթին մասնակցում է տարբեր երկրների 26 ֆիլմ, որոնցից 21-ը հավակնում են փառատոնի գլխավոր պարգևներին՝ «Ոսկե արջին», որը շնորհվում է գլխավոր մրցութային ծրագրի լավագույն ֆիլմին, և մի ամբողջ շարք «Արծաթե արջերի», որոնք հանձնվում են որոշակի կատեգորիաներում:

Այս տարի միջազգային մրցութային ծրագրի ժյուրին գլխավորում է Թոմ Տիկվերը: Հաղթողներին որոշելու հարցում նրան կօգնեն հինգ կինեմատոգրաֆիստներ՝ դերասանուհի Սեսիլ դե Ֆրանսը, (Բելգիա), լուսանկարիչ և Filmoteca Espaola-ի նախկին տնօրեն Չեմո Պրադոն (Իսպանիա), պրոդյուսեր Ադել Ռոմանսկին (ԱՄՆ), կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոն (Ճապոնիա) և կինոքննադատ Ստեֆանի Զահարեքը (ԱՄՆ):

Գլխավոր պարգևին հավակնող ֆիլմերի թվում են ամերիկացի ռեժիսոր Հաս վան Սենթի «Մի՛ հուզվիր, նա ոտքով հեռու չի գնա» նոր ժապավենը, որում գլխավոր դերերը կատարել են Հոակին Ֆենիքսը և Ջոն Հիլը, իտալացի ռեժիսոր Լուարա Բեսպուրիի «Իմ դուստրը», Բենուա Ժակոյի «Եվա» ֆրանսիական դրաման՝ Իզաբել Յուպերի և Գասպար Ուլիելի մասնակցությամբ, «Ուտյոյա: Հուլիսի 22» նորվեգական ֆիլմը:

Գերմանիայից միանգամից չորս ֆիլմեր են հավակնում Բեռլինալեի պարգեւներին: Լայպցիգից ռեժիսոր Թոմաս Շտուբերը կներկայացնի «Միջանցքներում» մելոդրաման անհաջողակների մասին, Կրիստիան Պետցոլդը կցուցադրի «Տրանզիտ» դրաման, որը պատմում է ներգաղթյալների ճակատագրի մասին, Ֆիլիպ Գրյոնինգը մրցույթին ներկայացրել է «Իմ եղբորը Ռոբերտ են կոչում, եւ նա ապուշ է» դրաման, իսկ Էմիլի Աթեֆը կներկայացնի «Երեք օր Կիբերոնում» ֆիլմը՝ նշանավոր կինոդերասանուհի Ռոմա Շնայդերի ողբերգական ճակատագրի մասին:

Բեռլինի առաջին կինոփառատոնը բացվել է 1951 թվականի հունիսի 6-ին Ալֆրեդ Հիչքոքի «Ռեբեկա» ֆիլմով: Այսօր այն ամենահեղինակավոր միջազգային փառատոններից մեկն է Կաննի և Վենետիկի փառատոնների շարքում:

Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա փետրվարի 24-ին Berlinale Palast-ում: Փառատոնը կփավկի փետրվարի 25-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը