Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում է կայացրել Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամ հատկացնել Նորքի անտառների 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել է, որ Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 56 հա-ից ծառապատվել է 45 հա-ը, ինչը դեռեւս անտառի շարք չի փոխանցվել։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։ Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում։

Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն․ դրամ գումար։