Պետական գույքը շուկայական արժեքից 8․5 անգամ ցածր գնով օտարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա՝ ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր (ԿԱ) պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին գնահատվել է վերոնշյալ գույքի շուկայական արժեքը: Գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ այն կազմել է մոտ 8.3 մլն դրամ:
Սակայն հիշյալ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես՝ եզրակացությունը չի հաստատվել ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, իսկ եզրակացության այն մասը, որում արտացոլված են Գույքի շուկայական արժեքին առնչվող հետևությունները, չի ստորագրվել գնահատողի կողմից:
Բացի այդ, պարզվել է, որ գնահատման ծառայությունների ձեռքբերման հիշյալ գործընթացը ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից պետք է իրականացվեր «Գնումների մասին» օրենքով և կառավարության 2017թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Սակայն գույքի գնահատումն իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:
Ըստ հաղորդագրության՝ այդ պայմաններում կառավարության 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Գույքը մրցույթով օտարել՝ որպես մեկնարկային գին սահմանելով վերոնշյալ գնահատված արժեքը: 2019թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթի ժամանակ գույքն օտարվել է 4.7 մլն դրամով։
Սակայն «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ նոյեմբերի 8-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ գույքի հավանական շուկայական արժեքը կարող էր կազմել շուրջ 40 մլն դրամ կամ գնահատված արժեքից շուրջ հինգ անգամ ավելի։
Ինչպես նշում է դատախազության հանրային կապեի բաժինը, արձանագրված փաստերը վկայում են, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, ընկերությանը առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքները: Իսկ վերջինս կազմել և ներկայացրել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքի պահանջներին հակասող եզրակացություն, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից շուրջ հինգ անգամ պակաս և օտարվել՝ շուրջ 8.5 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեին: