ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Հայաստանում ռուսական «Օմսկվինպրոմ» ընկերության օղիները կեղծած «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ընկերությանը, անբարեխիղճ մրցակցության համար, որոշել է տուգանել16,2 մլն դրամով: Այս մասին հաղորդում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին մոլորեցնելու չափ նմանվող խմիչք:

Պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը, երկրորդային շուկայից ձեռքբերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության կողմից արտադրվող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։

ՊԵԿ-ից հաղորդում են, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից նման ապրանքային նշաններով օղիներ շշալցնելու և իրացնելու հանգամանքը հաստատվել է ինչպես գնորդ անհատ ձեռնարկատերերի հայտարարություններով, այնպես էլ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից տրամադրված տեղեկանքով։ Ըստ մամուլի տեղեկությունների, ընկերությունը պատկանում է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։