Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի տնօրենը, որը պաշտոնավարել է 1989-2016թթ-ը, չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 2005-2016թթ-ը եղբոր որդուն, իսկ քրոջ աղջկան՝ 2005-2017թթ-ին հաստատությունում ձևակերպել է որպես սոցիալական մանկավարժ։ Նրանք չեն ունեցել համապատասխան կրթություն և չեն կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, սակայն աշխատավարձ են ստացել։

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենի քրոջ դուստրը 2007, 2010, 2012, 2014 և 2015թթ-ին տարբեր ամիսների գտնվել է արտերկրում, սակայն կրթահամալիրի հաշվապահությանն է տրամադրվել նրա աշխատանքի հաճախումների վերաբերյալ կեղծ տեղեկատվություն, ինչի հիման վրա նրա աշխատավարձը դուրս է գրվել։

Դեպքի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման հատկանիշներով քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։