Այսօր՝ նոյեմբերի 29-ին լրանում է ճարտարապետ-պատմաբան, ԳԱԱ ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի ծննդյան 110-ամյակը։

Նրա ուսանողների, գործընկերների և առհասարակ՝ հայ ճարտարապետական համայնքի համար Վ․ Հարությունյանի մասին հիշողությունները կապված են նաև իր տան՝ Սարյան 13-ի հետ։

Այսպիսով՝ Gouroo Club & Garden-ն, Ալ․ Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և The Cradle/Բնօրրան-ի հետ համատեղ, հրավիրում են բոլորին ջերմ երեկոյի Վ․ Հարությունյանի տանը՝ ի հիշատակ մեծ ճարտարապետի և գիտնականի:

Սպասվում է լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Վ․Հարությունյանի կյանքին, գործունեությանը և ճարտարապետի մասին պատմող ֆիլմի պրեմիերա:

Վ․ Հարությունյանը ծնվել է Վանում 1909թ-ին, որտեղից ընտանիքը գաղթել է նախ Էջմիածին, հետո՝ Թիֆլիս։ 1931թ-ին ընդունվել և 1937թ-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը ու անցել մանկավարժական աշխատանքի։

Վ․ Հարությունյանը Հայրենիք-սփյուռք մշակութային կապերի նախագահության անդամ էր, Արտասահմանյան երկրների հետ մշակության կապերի ընկերակցության, «Գիտելիք» ընկերության նախագահության անդամ, նախագահել է Հուշարձանների պահպանության հայկական ընկերակցությունը, 1956թ-ից նաև Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ճարտարապետական հանձնաժողովի նախագահն էր։ Նա բազմաթիվ շքանշանների ասպետ է, Երևանի պատվավոր քաղաքացի։

Մահացել է 2008թ-ի մարտի 20-ին Երևանում։