Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել քաղաքապետ Հայկ Մարությանին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի։ Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ, թե ինչու եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են կոռուպցիոն բնույթ ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում: Իսկ դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին»,- ասվում է գրառման մեջ։

Խաժակյանը նշել է, որ կսպասի արձագանքի մինչև դեկտեմբերի 3-ի 18:00-ն՝ հեռուստաընկերության հետ պայմանավորվելու համար: