Արմավիրի մարզի 6 և ավելի գյուղեր մոտ 2 օր է արդեն մնացել են առանց էլեկտրականության։

Արմավիրի մարզի Ջրարփի համայնքն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ի ժամը 02։00-ի մոտակայքում անջատվել է Ջրարփի, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Մեծամոր, Ջրառատ և մի շարք այլ գյուղերի էլեկտրամատակարարումը և մինչ այս պահը՝ դեկտեմբերի 2-ի ժամը 10։00-ի դրությամբ այն չի վերականգնվել։ Այս մասին գրում է Պանորամա-ն։

«Ի՞նչ է մտածում ՀԷՑ-ի տնօրինությունը, այս ձմռան օրով զրկելով սեփական ժողովրդին էլեկտրաէներգիայից, ջրից և ջերմությունից։ Նման իրավիճակում չեն կարողանում իրենց բնականոն աշխատանքն իրականացնել պետական կառույցները՝ համայնքապետարանները, մանկապարտեզները, դպրոցները և մի շարք այլ կառույցներ։

ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի վերականգնման խոստումները մնում են միայն խոստումներ։ Հոսանքազրկման հետևանքով մարդկանց պատճառվել է մեծ ֆինանսական վնասներ։

Ջրարբի համայնքապետարանը ՀԷՑ-ի աշխատանքը որակում է որպես բացիթողի վիճակ և անմարդկային վերաբերմունք սեփական ժողովրդի նկատմամբ»,- ասվում է գրառման մեջ։