Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդեսը։

Հրատարակության մեջ առաջին անգամ, գրեթե ամբողջական ընդգրկմամբ, ներկայացվում է հայկական որմնանկարչությունը՝ հնագույն շրջանից մինչև մեր օրերը։ Գիրքը տպագրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, «Տիգրան Մեծ» տպագրատանը։

Ժողովածուն պարունակում է հոդվածներ և նյութեր ինչպես հայտնի՝ ուսումնասիրված, այնպես էլ նորահայտ կամ սակավ հետազոտված բազմաթիվ որմնանկարների վերաբերյալ։ Ժողովածուի կազմողն ու խմբագիրն է Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը: Այստեղ ներկայացված են 23 հեղինակների ուսումնասիրությունները: Գրքում տեղ գտած հոդվածների և մյուս հրապարակումների հեղինակներն են Հրավարդ Հակոբյանը, Սեյրանուշ Մանուկյանը, Կարեն Մաթևոսյանը, Քրիստինա Մարանչին (ԱՄՆ), Ավետ Ավետիսյանը, Հեթում քհ. Թարվերդյանը, Զարուհի Հակոբյանը, Ավետիս Ավետիսյանը, Տաթևիկ Սարգսյանը, Անի Բաբայանը (ԱՄՆ), Անի Ենոքյանը, Սեդա Մանուկյանը, Աշխեն Ենոքյանը, Քնարիկ Ավետիսյանը, Սաթենիկ Վարդանյանը, Աշխեն Պապոյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Գոհար Գրիգորյանը (Շվեյցարիա), Սյուզաննա Գրիգորյանը։

Ժողովածուն ընդգրկում է հոդվածներ և առանձին որմնանկարների վերաբերյալ նյութեր և լուսանկարներ,որոնք կարող են օգտակար լինել դրանց հետագա ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունների համար:

Ժողովածուի կազմող և խմբագիր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանն ասել է, որ ժողովածուի վրա աշխատել է մոտ 3 տարի։