Դեկտեմբերի 5-ին Հայաստանը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվել է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսպիսով դեկտեմբերի լույս 5-ի գիշերվանից սկսած և դեկտեմբերի 5-ի ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց», - ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտւմ անձրև։ Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 5-ի ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ին նույնքանով էլ կբարձրանա։