Վահրամ Բաղդասարյանի ընկերությունը 10 տարում Վանաձորին 1 մլրդ դրամի վնաս է հասցրել․ Ոստիկանություն
ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի «ՎԱԲԱ» ընկերությունն անցած 10 տարիներին շուրջ 1 մլրդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով, քանի որ «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ են հայտնաբերել։
Նշվում է, որ 2003թ-ին «ՎԱԲԱ» ընկերությունը սնանկացած ֆաբրիկայի շենքը ձեռք էր բերել 2.5 միլիոն դրամով՝ 52 անգամ էժան 2 տարի անց գնահատված արժեքից. 2005թ-ին անշարժ գույքի գնահատող ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ շենքի իրական արժեքը կազմել է 130 մլն դրամ։
«Մինչդեռ ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3.2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։ Ոստիկանության բաժնի պետն իր որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցվել է, որի արդյունքում անցած 10 տարիներին անշարժ գույքի գույքահարկի գումարը պակաս է հաշվարկվել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս»,-ասվում է հայտարարության մեջ։