«Այս պահին «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում միայն կա ձևակերպում, թե ինչ է շրջիկ առևտրի կետը, բայց չկա, թե հատկապես ով է կարգավորելու այդ առևտրի կետերի հետ կապված մի շարք իրավահարաբերություններ, մասնավորապես՝ ինչ կարող են նրանք վաճարել, որտեղ և որ ժամերին կարող են այդ առևտրի կենտրոնները գործել»,- այս մասին այսօր խրոհրդարանում «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով, օրենքի նախագծով առաջարկվում է առևտրի կենտրոնների աշխատանքները համակարգելու լիազորությունները տալ Երևանի ավագանուն։

«Երևանի ավագանին կարողանալու է հաստատել Երևան քաղաքում այն հիմնական վայրերը, որտեղ կարելի է իրականացնել շրջիկ առևտուր և որ ժամերին։ Դրա համար նաև պետք է տեղական տուրք սահմանվի՝ 50 հազար դրամի չափով։ Այս պահին տարբեր ձևափոխված մեքենաներ, այդ թվում նաև Հանրապետության հրապարակին հարակից տարածքներում վաճառում են ամենատարբեր տեսակի ապրանքներ, երբեմն նաև սանիտարական պայմանների կոպտագույն խախտմամբ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ օրենքի նպատակը արգելելը չէ։ Նախագիծն ուղարկել եմ նաև Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, այս պահին դեռևս նրանց կողմից առաջարկներ չեմ ստացել»,- նշել է Գաբրիելյանը։

Այսպիսով, օրենքի փոփոխությամբ նախատեսվում է, որ Երևան քաղաքի տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառք իրականացնելու իրավունք ունենալու են միայն իրավաբանական անձինք, նրանց այդ իրավունքը տալու է Երևանի քաղաքապետը, կարգն ու պայմանները տալու է Երևանի ավագանին, տուրքը լինելու է 50 հազար դրամի չափով։

Անդրադառնալով օրենքի նախագծին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվել է՝ եթե 2 շրջիկ առևտրի կետերի տերերը նույն տարածքի համար դիմել են քաղաքապետարան, ինչ սկզբունքով է որոշվելու ում տալ տարածքը։

«Եթե նույն տեղի համար է, համակարգն այնպես կանի, որ 1 օր մի սուբյեկտը այդտեղ կայանի, հաջորդ օրը՝ մյուս։ Համապատասխան մասնագետները կմշակեն էդ էլեկտրոնային համակարգը, որպեսզի այդտեղ արդար մրցակցություն լինի»,- պատասխանել է Գաբրիելյանը։

Արձագանքելով պատասխանին՝ Արտակ Մանուկյանը նշել է.

«Կարելի է քննարկել նաև աճուրդների գաղափարը։ Այսինքն՝ էս դեպքում տուրքի փոփոխում կարող է լինել, որ օրինակ ավելի շրջանառու միջոցներ ունեցող տարածքի համար մարդիկ կարողանան նաև մրցակցել»։

Գաբրիելյանը նշել է, որ այս պահին ամենահարմար տարբերակն այն է, որ բոլոր տնտեսվարողների համար հավասար հնարավորություններ լինեն։

«Իսկ գոտիավորումն ամեն դեպքում կլինի, որովհետև ՏԻՄ-ը էս 50 հազար դրամի չափը կարող է մինչև 3 գործակցի չափով փոփոխել։ Հավանաբար, Կենտրոնում ուրիշ գուցե լինի, ծայրամասերում՝ ուրիշ»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը։