ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ընթացքում անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի՝ Ղարաբաղում մուղամ լսելու ցանկությանը, հայտարարել է, որ հայկական կողմը կարող է իրականացնել նրա երազանքը:

«Մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը: Ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ»,- ասել է Հակոբյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա հավելել է, որ Ալիևան կարող է մեր հյուրը լինել:

«Մենք գիտենք ինչպես պատվել հյուրին, հյուրընկալության կանոններից է հյուրին պատվել երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը, ու Ղարաբաղում լսի իր սերելի մուղամը», - ասել է Աննա Հակոբյանը։

Հակոբյանը նշել է, որ պատրաստ է փոխադարձ այցով լինել Ադրբեջանում, եթե Ալիևան ընդունի իր հրավերը։

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա. Այլ եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- ասել է Հակոբյանը։