Երեկ՝ դեկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանին կից մշակույթի կենտրոնում՝ Գրիգորյան ընտանիքի նախաձեռնությամբ, վարչական շրջանի ղեկավարի աջակցությամբ տեղի ունեցավ Բարեգործական միջոցառում, որի հյուրերն էին հաշմանդամություն ունեցող երեխաներ «Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնից, «Արև» և այլ կենտրոններից, դպրոցներից։

Նշենք, որ վերոնշյալ միջոցառումը անց է կացվում արդեն չորրորդ տարին։ Ինչպես նշել է միջոցառման կազմակերպիչ Լիպարիտ Գրիգորյանը՝ իրենց կազմակերպչական թիմը տարեցտարի համալրվում է, և յուրաքանչյուր հերթական միջոցառման կազմակերպչական աշխատանքներում ներգրավվում են բարի և պատրաստակամ ավելի շատ անձինք, իսկ միջոցառումը ստացվում է ավելի մարդաշատ, շքեղ և հետաքրքիր։

Հարցին, թե ե՞րբ և ինչպե՞ս առաջացավ բարեգործական միջոցառում անցկացնելու գաղափարը, կազմակերպիչը պատասխանել է

«Ընտանիքով կրկեսի դերասաններ ենք, մեր երեխան ունի լսողության և տեսողության խնդիր, սովորում է ներառական դպրոցում։ Մեր երեխայի և նրա ընկերների համար օրը տոն դարձնելու նպատակով դպրոցում կազմակերպեցինք կրկեսային բարեգործական միջոցառում։ Եվ այդպիսով մեր թիմով միտք հղացավ ավելի շատ երեխաների համար ելույթ ունենալ, արդեն թաղապետարանում և ավելի շատ երեխաների համար»։

Բարեգործական միջոցառման կազմակերպիչ Լիպարիտ Գրիգորյանը զրույցի ընթացքում ընդգծել է

«Եթե ուզում ենք ինչ-որ բան փոխենք նախ մենք ինքներս պետք է անենք, փոխելով՝ մենք կկարողանանք փոխել կարծատիպերով ստեղծված աշխարհը՝ այն դարձնելով ավելի հանդուրժող և բարի»։

Երեխաների օրը տոն դարձնելու համար՝ «Ժպտա և ջերմացրու աշխարհը» խորագրով Բարեգործական կրկեսային 4-րդ ամենամյա միջոցառմանն իրենց կրկեսային, լազերային և պարային համարներով հանդես եկան պետական կրկեսի դերասանները, երազանք թատերախմբի հերոսները, Լեոնիդ Ենգիբարյանի ստուդիայի սաները, ակրոբատներ՝ հայր և դուստր Հակոբյանները, գինեսի ռեկորդակիր Արմեն Ադոնցը և այլոք։

Միջոցառման ավարտին Գրիգորյանը հույս հայտնեց, որ մյուս տարի քաղաքապետարանը կտրամադրի ավելի մեծ բեմ՝ օրինակ Արամ Խաչատրյան համերգասրահը, ինչու՞ չէ նաև մարզահամերգային համալիրը դահլիճը։

«Մենք մեր թիմով, մեր կազմակերպված աշխատանքով պատրաստ ենք նույն բովանդակալից սցենարով ներկայանալ ավելի մեծ բեմում, ավելի շատ երեխաների առաջ, թեկուզ 8000 երեխաների համար», - մեծ ոգևորվածությամբ նշել է կազմակերպիչ՝ Գրիգորյանը։

Միջոցառման ավարտին Մանկավարժական համալսարանի ուսանողները՝ դասախոս տիկին Մուրադյանի ղեկավարությամբ, երեխաներին հանձնեցին անակնկալ նվերներ։ Միջոցառման կազմակերպման և անցկացման գործում իրենց ներդրումն ունեցած անձանց հանձնվեցին շնորհակալագրեր՝ ցուցաբերած աջակցության համար։

Որպես միջոցառման ամփոփում Գրիգորյանը հորդորեց

«Անկախ նրանից, թե կյանքը ինչպե՞ս է դասավորվել պետք է լավատես և ուժեղ լինել»։