ՀՀ քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացել զինծառայող Ա․ Ա․-ի մահվան դեպքի վերաբերյալ։ Վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, միջնորդություններ են հարուցվել դատարան՝ Ա.Ա․-ի հեռախոսային միացումների վերծանման և նրա բջջային հեռախոսը զննելու վերաբերյալ:

2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Ա․ Ա․-ի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դ․ Մ․-ի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու կամ ավելի անձանց սպանության փորձ/ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, ինչպես նաև` Դ. Մ․-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություններ, մի շարք զինծառայողներ հարցաքննվել են որպես վկա, տուժող Ա.Ա․-ի պապը՝ Խատիֆ Աջամյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և հարցաքննվել, փաստաբան Հայարփի Սարգսյանը և Խաչատուր Ստեփանյանը ճանաչվել են տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ և մասնակցել են դիակի դատաբժշկական փորձաքննությանը, վերցվել են մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ասվում է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։