ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008թ-ի ապրիլի 9-ից մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ-ի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2013թ-ի հունվարի 24-ի որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ հողօգտագործողներին 2013թ-ի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվել է ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերի հիման վրա հողօգտագործողներին վաճառել 17.041.300 լիտր դիզելային վառելիք: Ծրագրի շրջանակներում մատակարարում իրականացնելու պատրաստակամություն են հայտնել մի շարք, այդ թվում` «Մաքսհուր» և «Ֆլեշ» ՍՊ ընկերությունները:

Ամենաէժան գնային առաջարկը ներկայացրած «Մաքսհուր» ՍՊ ընկերության ներկայացուցչի հետ քննարկումների արդյունքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից որոշվել է որպես մատակարար նշված ընկերության տվյալները համապատասխան որոշման նախագծով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ այլ մատակարարների առաջարկած՝ պետության համար շահավետ գների առկայության պայմաններում դրանց համեմատ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Անտեսելով այդ հանգամանքը՝ նա «Ֆլեշ» ՍՊ ընկերության համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի` վատնելու եղանակով հափշտակության կատարումը, մասնավորապես` հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես մատակարար ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:

Արդյունքում` ՀՀ կառավարությանկողմից 2013թ-ի փետրվարի 7-ին ընդունված որոշմամբ, կառավարության պահուստային ֆոնդի հաշվից 17.041.300 լիտր դիզելային վառելիքի մատակարարման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է տրամադրվել 1.789.336.500 ՀՀ դրամ, որն էլ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 14-ին կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա 2013թ-ի փետրվարի 21-ին փոխանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության բանկային հաշվին:

Հետագայում ՀՀ կառավարության որոշմամբ պահանջվող վառելիքի քանակը լրացվել է մինչև 17.343.530 լիտր, իսկ տրամադրված գումարի չափը՝ մինչև 1.821.070.650 ՀՀ դրամ, որի կապակցությամբ 2013թ-ի մարտի 19-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքված պայմանագրով 2013թ-ի ապրիլի 2-ին նշված ընկերությանն է փոխանցվել ևս 31.734.150 ՀՀ դրամ:

Արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013թ-ի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12.088.334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1.269.275.070 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846.183.380 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423.091.690 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Չիրացված վառելիքի մնացած մասի՝ 5.255.196 լիտրի համար տրամադրված 551.795.580 ՀՀ դրամը, ՀՀ կառավարության 2013թ-ի օգոստոսի 29-ի որոշմամբ թողնվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ-ի աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրն իրականացնելու համար: ՀՀ կառավարության հիշյալ որոշման հիման վրա 2013թ-ի սեպտեմբերի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջև կնքվել է «Սուբսիդիա տրամադրելու մասին» պայմանագիր, համաձայն որի՝ տրամադրված 551.795.580 ՀՀ դրամ սուբսիդիան վերաձևակերպվել է 6.131.062 լիտր դիզելային վառելիքի համար:

Արդյունքում` ծրագրի իրականացման ընթացքում, 2013թ-ի սեպտեմբերի 12-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 3.303.431 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 297.308.790 ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 231.240.170 ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 66.068.620 ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:

Այսպիսով, վերը նշված ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ` պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով հափշտակվել է ընդհանուր առմամբ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: