Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս և գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավար: Այս մասին դեկտեմբերի 5-ին որոշվել է ՀՀ կառավարության նիստում:

Թովմասյանը նշել է, որ մասնագիտական գործունեության երկարամյա փորձ ունի ոլորտում:

«Վստահեցնում եմ բոլորին, որ ՀՀ քաղաքացիները կարճ ժամանակում կտեսնեն մեծ, շոշափելի փոփոխություններ կադաստրին վերաբերվող ոլորտում»,- ասել է Թովմասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Սուրեն Թովմասյանի թեկնածությունն առաջադրվել է «Կադրային բանկ»-ի միջոցով:

«Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, երբ ես մի քանի ամիս առաջ առաջարկել էի քաղաքացիներին, ովքեր ունեն ներուժ պետական կառավարման համակարգում իրենց ներդրումը բերելու, որոշակի էլեկտրոնային փոստ կար, ու մարդիկ իրենց տվյալներն էին ուղարկում: Այս ընթացքում բավականաչափ նշանակումներ այդ մեխանիզմով արվել են»,- ասել է Փաշինյանը:

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 18-ին՝ հայտնելով, որ իր հրաժարականն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված: Պետրոսյանը նաև հայտարարել էր, որ այլևս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: