Կառավարությունը կվերանայի աջ ղեկով ավտոմեքենաներ ներմուծելու արգելքը: Այս մասին կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը՝ հավելելով, որ դա արվում է, որպեսզի հնարավորություն ստեղծվի ավտոմեքենաների ղեկը աջ կողմից ձախ տեղափոխել Հայաստանի տարածքում։

«Այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դրանք հաշվառել ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում»,- ասել է Բադալյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարությունն ընդհանրապես արգելել էր աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներկրումը։ Արդյունքում ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում տեղափոխում էին ղեկն ու որպես ձախակողմյան ղեկով ավտոմեքենա ներկրում Հայաստան։

«Այդ քաղաքացիները ստիպված են շատ մեծ գումար ծախսել Հայաստանից դուրս։ Հիմա մենք այդ խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ. աջակողմյան ղեկով մեքենաներն արգելվում է ներկրել ՀՀ։ Բայց ժամանակավոր ներկրման ռեժիմով կարող են բերել ղեկային դիրքը փոխել, որից հետո մեքենան հաշվառվի ու թույլատրվի շահագործել»,– նշել է Փաշինյանը` հիշեցնելով, որ մինչ այդ ավտոմեքենան ՀՀ տարածքում շահագործվել չի կարող, իսկ օրենքը խախտողների համար նախատեսված են խոշոր տուգանքներ։ Փաշինյանի խոսքով՝ այս որոշմամբ կառավարությունն ընդառաջում է քաղաքացիներին: