Facebook սոցիալական ցանցը մի շարք միջոցառումներ կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում՝ երկու անգամ կրկնապատկելով մասնագետների թիվը: Այս մասին հայտարարել է Facebook-ի փոխնախագահ Ջոել Կապլանը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Կապլանը նշել է․ «Հնարավոր է անել ավելին հետագա հարձակումները կանխելու համար: Մենք դրա համար հատկացնում ենք բավական միջոցներ։ Ավելացնում ենք անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների թիվը 10-20 հազարով: Մենք նաեւ շարունակում ենք համագործակցել մի շարք օղակների հետ` մեթոդներ մշակելու համար, որպեսզի պաշտպանենք մեր ցանցից օգտվողներին»:

Սեպտեմբեր ամսին սոցիալական ցանցի անվտանգության պատասխանատու Ալեքս Ստամոսը հանդես է եկել հայտարարությամբ , նշելով, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ինչ-որ ռուսական կազմակերպություն 100 հազար դոլար է ծախսել սոցիալական ցանցերում քաղաքական գովազդներ տարածելու և կեղծ հաշիվներ և էջեր ստեղծելու համար:

Facebook-ը հետագայում ԱՄՆ-ի Կոնգրեսին է փոխանցել շուրջ 3 հազար գովազդային հայտարարությունների օրինակ, որտեղ վարույթ է անցկացվում,պարզելու, թո որքանով է Մոսկվան ազդել ընտրությունների վրա: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը առնչություն չունի քաղաքական գովազդների հետ։