ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 3 անձի մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քննության տվյալներով՝ տնօրենը, հաստատապես տեղյակ լինելով նույն դպրոցում որպես տեխնոլոգիայի ուսուցիչ և համատեղության կարգով էլեկտրիկ գրանցված անձի՝ 2014թ-ի հունվարից մինչև 2018թ-ի վերջ, ինչպես նաև նույն դպրոցում որպես դաստիարակ գրանցված աշխատակցի՝ 2016թ-ի մայիսից մինչև 2017թ-ի փետրվար ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին, դիտավորությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուսումնական գծով տնօրենին հանձնարարել է կազմել և իր հաստատմանը ներկայացնել իրավունք վերապահող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրեր, որոնցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են ներառվել՝ նշված ժամանակահատվածում հիշյալ աշխատակիցների կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ:

Այնուհետև, տնօրենը, վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի հիման վրա՝ չաշխատած օրերի դիմաց, որպես աշխատավարձի գումարներ, տեխնոլոգիայի ուսուցչի անվամբ կազմակերպության բյուջեից անհիմն դուրս է գրվել 5 216 477, իսկ դաստիարակի անվամբ՝ 914 666 դրամ գումար, որը վերջիններս ստացել և օգտագործել են իրենց անձնական կարիքների համար. արդյունքում՝ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերի՝ 6.131.143 ՀՀ դրամ գումարը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնական գծով տնօրենին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնոլոգիայի ուսուցչին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչ վերաբերում է դաստիարակին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

Նախաքննության ընթացքում միջնակարգ դպրոցից վատնման եղանակով հափշտակված 6.131.143 դրամն ամբողջությամբ վերականգնվել է: