Հայաստանը հրաժարվել է փոխանակել Արցախում սպանության համար պատիժը կրող ադրբեջանցիներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ Խորհրդի նիստում:

«Ցավոք, Միլանի հանդիպումից հետո անցած մեկ տարվա վերաբերյալ չեմ կարող ասել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց կա։ Հակամարտության գոտում հարաբերական անդորր է, բայց միևնույնն է առաջընթաց բանակցություններում չկա։ Հայաստանը նույնիսկ հրաժարվել է Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումից «բոլորին բոլորի հետ» սկզբունքով», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, հայտնում է Haqqin.az-ը:

Մամեդյարովը հավելել է նաև, որ ՀՀ-ն փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը․

«Երևանը փորձում է ԼՂ հայ համայնքին ներկայացնել որպես ԼՂ բնակչություն՝ ժխտելով ադրբեջանական համայնքի առկայությունը»: