Վրաստանում կարմրուկի համաճարակ է: Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Այսօրվա դրությամբ գրանցվել է 268 դեպք: Հատկապես շատ են հիվանդացության դեպքերը Աջարիայում՝ 65-70%-ը, սակայն աճում է հիվանդների քանակը նաև Թբիլիսիում։ Ցավոք երեխաներից շատերը չեն պատվաստվել կարմրուկից: Բավականին մանրակրկիտ վերլոււծություն է կատարվել մանկապարտեզներում, դպրոցներում: Սակայն բարձր է հիվանդացության մակարդակը նաև մեծահասակների, հատկապես 20-40 տարեկանների մոտ, և հատկապես կանանց շրջանում:»,-ասել է Գամկրելիձեն: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»։

Նա նաև հավելել է․ «Հատկապես պետք է պատվաստվեն այն կանայք, ովքեր մտադիր են մայրանալ: Եթե մայրը պատվաստված չէ կամ չի հիվանդացել կարմրուկով, չի փոխանցի իմունիտետը երեխային: Հիվանդացության դեպքերի 17%-ը գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում: Կարմրուկը հատկապես վտանգավոր է վաղ մանկության շրջանում և հղի կանանց համար»,-ասել է Գամկրելիձեն: