69 կողմ և 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունել է 2020թ-ի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի ընդունումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ պետական բյուջեն հեղափոխական է՝ հիշեցնելով, որ եկող տարվա բյուջեով ՀՀ-ն լուծում է աղետի գոտու բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամբ ՀՀ պարտավորությունները դե յուրե արձանագրված են:

Փաշինյանը նշել է, որ 2020թ-ի բյուջեով 3 մլրդ դրամ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծմանը:

«Մենք, 2018թ-ից ի վեր՝ 2020թ-ի բյուջեն, 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձեռք են բերվել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, իսկ Հայաստանը շարունակելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն իրականացնելու քաղաքականությունը:

Վարչապետն ամփոփել է նաև անցնող տարվա տնտեսական վիճակագրությունը՝ նշելով, որ տնտեսական աճը 2019թ-ի 9 ամսվա կտրվածքով 7.5% է, և սա տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է:

Անդրադառնալով գնաճին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել:

«Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ՝ այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա, Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: Սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են»,-ասել է վարչապետը: