Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քիչ առաջ մեկնարկեց Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարել է ինքնաբացարկի միջնորդություն ունեն դատավորին՝ վկայակոչելով դատավորի անաչառության ու անկողմնակալության վրա ազդող այնպիսի արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել տվյալ դատավորի կողմից կայացվող ակտի նկատմամբ ու չկան այնպիսի երեշխիքներ, որոնք կարող են չեզոքացնել առկա մտահոգությունները։

«2019թ-ի մայիսի 21-ին armlur.am-ում հոդված է հրապարակվել՝ «Դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս»»,- ասել է դատախազն ու ընթերցել հրապարակումը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում եղել է Մխիթար Պապոյանը։

Դատախազ Բաղդասարյանը նշել է, որ այդ հանգամանքները ստուգվում են ԱԱԾ-ում քննվող քրեական գործում, ասել է՝ ինքը գնահատական չի հնչեցնում, սակայն համոզված է, որ այդ հանգամանքները բացառում են դատավորի մասնակցությունն այդ գործին։

Միջնորդությանը միացել են նաև դատախազ Պետրոս Պետրոսյանը, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել է, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ուղարկված և պաշտպանների միջնորդության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը թերի է։ Դատարանը նաև հավելյալ փաստաթղթերի անհրաժեշտություն է տեսել և պահանջել դրանք։

Նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ։