Դեկտեմբերի 7-ը նշվեց որպես երկրաշարժի զոհերի հիշատակի օր․ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ին ժամը 11։41 ցնցվեցին Հայաստանի հյուսիսային շրջանները:

Այսպիսով՝ Սպիտակ քաղաքում բացվեց ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի (1917-2015 թթ.) հուշարձանը: Քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը: Մեծ է Քըրք Քըրքորյանի ավանդը Հայաստանի զարգացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Քըրք Քըրքորյանի բարեգործությամբ «Լինսի» հիմնադրամի կողմից 2001թ-ից Հայաստանում իրականացվել են ճանապարհների վերակառուցման, թունելների նորոգման, քաղաքային տնտեսության նորացման, նոր ճանապարհների կառուցման, փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրեր:

«Լինսի» հիմնադրամի միջոցներով Սպիտակ քաղաքում երկրաշարժից տուժած շրջաններում կառուցվել են հարյուրավոր նոր տներ: Մասնավորապես, կառուցվել է Կենտրոն 1, Կենտրոն 2, Կենտրոն 3 թաղամասերը 67 շենքերով 524 բնակարանով: Կառուցվել է նաև թիվ 1 դպրոցի մասնաշենքը, մարզադահլիճը, տրամադրվել է գույք: Միլիարդատեր Քըրք Քրքորյանի նվիրատվություններով Սպիտակում, Գյումրիում և այլուր բազմաթիվ շենքեր են կառուցվել։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնատար անձիք ու սպիտակցիներ: