Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ է հայտնել:

Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանը հրապարակել է այս որոշումը` այդպիսով բավարարելով մեղադրող կողմի՝ ավելի վաղ ներկայացրած միջնորդությունը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Մասնավորապես մեղադրող դատախազներից Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Պապոյանին և, հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրել՝ 2019թ-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:

Պատճառն, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019թ-ի մայիսի 20-ին, ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել.

«Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»:

Այս հրապարակման մեջ Գալստյանը նշում էր այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է: