Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջեմ Օզդեմիրը գերմանական ոստիկանության հատուկ պահպանության տակ է առնվել Մյունխենում Անվտանգության 51-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ նույն հյուրանոցում իջևանելու պատճառով, փոխանցում է tert.am-ը։

«Տեսնելով նրանց դեմքի արտահայտությունն ինձ հանդիպելիս՝ ակնհայտ էր, որ գոհ չէին ինձ տեսնել: Եթե այստեղ են նման բան անում՝ պատկերացնում եմ, թե Թուրքիայում ինչ ագրեսիվ կլինեն», - ասել է Օզդեմիրը:

Գերմանացի իրավապահները լսել են, թե ինչպես են Թուրքիայի վարչապետի թիկնապահները «Հյուրանոցում ահաբեկիչ կա» խոսքերով մատնանշում Օզդեմիրին, ինչից հետո որոշում է կայացվել թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավորին հատուկ պահպանության տակ առնել՝ տրամադրելով երեք թիկնապահ: