Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Այսպիսի քաջորդիներից է Դավիթ Սարապյանը (Դև):

Հերոսը ծնվել է 1966թ-ի փետրվարի 4-ին Երևանում, ճարտարապետի ընտանիքում։ Հայրը՝ Էդուարդ Սարապյանը, Երևանի գլխավոր ճարտարապետն էր, մայրը՝ Էմմա Սարապյանը, ականավոր գիտնական։ Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1984թ-ի մայիսին մեկնել է խորհրդային բանակ, ծառայել Բայկոնուրի զորամասում, ապա՝ Խմելնիցկու մարզում։ 1985թ-ի հոկտեմբերին նրան դատապարտել են 4 տարվա ազատազրկման ազգամիջյան կոնֆլիկտի համար։

Բանտից դուրս գալուց հետո ինստիտուտ չի վերադարձել։ Զբաղվել է կինոյով, Գենադի Մելքումյանի մոտ աշխատել է որպես ռեժիսորի ընթերակա: 1990թ-ին մեկնել է ռազմաճակատ, առաջապահ գիծ, ընդունվել հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի «Անկախության բանակի» շարքերը, հետագայում «Մեծն Տիգրան» աշխարհազորայինների գնդում մասնակցել է Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար, Սարիսու, Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։

Դավիթը մշտապես հայտնվում էր ամենադժվարին տեղերում՝ առաջապահ դիրքերում` բոլորին վարակելով իր քաջությամբ ու վճռականությամբ: Հայ ռազմիկի ուժը թշնամու վրա սարսափ էր տարածում և պատահական չէ, որ ադրբեջանցիները նրան անվանում էին «Ահեղ Դև»: Դևը հաճախ խորամանկությամբ ու հմտությամբ թշնամու մոտ բազմաքանակ զորքի տպավորություն էր ստեղծում և ստիպում նրան խուճապահար նահանջել: 1991թ-ի հոկտեմբերի 30-ին գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հրամանատարության ներքո մասնակցել է Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրմանը։

Դևը գրել է «300 վայրկյան» վիպակը, որը հետո վերածել է սցենարի։ «300 վայրկյան»-ն արժանացել է կինոգործիչների բարձր գնահատականին, իսկ Օդեսայի կինոստուդիան հաստատել է այն նկարահանման։ Հեղինակ է մի շարք պատմվածքների, համակարգչային խաղի համար գրված «Վարազդատ արքա» սցենարի, որը հետագայում Լոնդոնում արժանացել է հատուկ մրցանակի:

Դեկտեմբերի 10-ին նրա հիշատակի օրն էր. զոհվել է Շահումյանի շրջանի Թոդան գյուղի համար մղվող մարտում 1991թ-ի դեկտեմբերի 10-ին։ Դևի աճյունն ամփոփված է Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Նրա հիշատակի օրը «Դավիթ Սարապյան» նախաձեռնությունը և «Հայ Ձմեռ Պապ» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էին Դավիթ Սարապյանի կյանքն ու պայքարը ամփոփող «Մեր օրերի Դավիթը» փաստավավերագրության (հեղինակ՝ Էվելինա Մելքումյան), ինչպես նաև Դավիթ Սարապյանի գրական ստեղծագործությունների հայերեն հրատարակության՝ «Երեք հարյուր վայրկյան (վիպակ, պատմվածքներ)» գրքի շնորհանդեսը, որը տեղի է ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այս մասին հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Ներկա էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ ազատամարտիկներ, զինվորականներ, պետական ու հասարակական գործիչներ՝ հարգելու սիրված հերոսի անմահ: