Վարչապետի ամանորյա ուղերձը կլինի Հանրապետության հրապարակից
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ամանորյա տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի գործիքավորմամբ մյուզիքլով, որի համար մեծ ստեղծագործական, բեմադրական խումբ է աշխատում: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նրա տեղեկացմամբ, դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տոնական ծրագիրը մեկնարկելու է 22:00-ից: Նախ ելույթ են ունենալու հայ արտիստները, կայանալու է Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբիյանի «Երևան 20/20» երգի պրեմիերան:
«Համերգային ծրագիրը կշարունակվի մինչև 23:45-ին: Այնուհետև կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենորյա ուղերձը Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում, որից հետո արդեն ելույթ կունենա Գորան Բրեգովիչն իր նվագախմբի հետ՝ ընտրված հետաքրքիր երգացանկով: Նրա համերգից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև լուսաբաց»,- ասել է Տ. Վիրաբյանը:
Փոխքաղաքապետը հայտնել է նաև, որ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների տարածքում, կառուցվում է հեքիաթային տարածք՝ նոր մոտեցումներով, հետաքրքիր դեկորներով և ժամանակակից լուծումներով:
«Այս միջոցառման և տոնական օրերի համար Երևանի քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում դեպի գլխավոր եղևնին՝ ապահովելով մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկությունը: Տարիներ շարունակ մարդիկ փորձել են մոտենալ հիմնական եղևնուն անվտանգության կանոնները խախտելով»,- ասել է նա:
Տ. Վիրաբյանի ներկայացմամբ, 2750-ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա և սուրբծննդյան տոներին նվիրված տոնավաճառ:
«Կարծում են՝ ամանորյա տոնավաճառը պետք է լինի ընդհանուր մշակութային միջոցառումների բովանդակության մեջ, չի կարող լինել զուտ առանձին վաճառք կազմակերպելու համար տրամադրված տարածք և ուղղակի տաղավարներ: 2750-ամյակի այգին ձևավորել ենք ամանորյա տրամաբանության մեջ, այս տարածքում նույնպես կլինի հետաքրքիր ամանորյա միջավայր»,- ասաց նա:
Տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 13-ը: 2750-ամյակի այգում միջոցառումները կլինեն ամենօրյա:
Խոսելով ծախսերի մասին, Տ. Վիրաբյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանն իր բյուջեով նախատեսված ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել: Նա ներկայացրեց թվեր, ըստ որոնց՝ 2017թ-ի Երևանի քաղաքի ամանորյա ծախսերի բյուջեն կազմել է 199 միլիոն 46 հազար դրամ՝ կենտրոնական և վարչական շրջանների միջոցառումները միասին, 2018թ-ին՝ 167 միլիոն 860 հազար դրամ, 2019թ-ին՝ 158 միլիոն 512 հազար դրամ:
«Սա նշանակում է վերջին երկու տարիներին, երբ ամանորյա ծախսերը պլանավորել և իրականացրել է Երևանի քաղաքապետարանը, ծախսային մասով 40 միլիոն դրամի նվազում ունենք 2017թ-ին և 2019թ-ին արված ծախսերի մասով»,- նշել է փոխքաղաքապետը:
Ինչ վերաբերում է կառավարության կողմից հատկացված բյուջեին, նա մանրամասնեց.
«Սա պատվիրակված լիազորություն է, որ մենք իրականացնում ենք: Միջոցառումների ծավալը Երևանի քաղաքապետարանը 2019թ-ի բյուջեով արդեն իսկ ուներ նախատեսված՝ 54 միլիոն դրամ: Այնուհետև կառավարության կողմից եղել է առաջարկ կատարել ծավալների փոփոխություն, միջոցառումները դարձնել համապետական, հրավիրել միջազգային հեղինակության արտիստ»: