ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տուրիստական կազմակերպությունների ներկայացուցչի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախությամբ կատարված հափշտակության և յուրացման մեխանիզմը: Քրեական գործով տուժող է ճանաչվել տուրիստական կազմակերպություններից մեկը, ինչպես նաև`թվով 55 անձ:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1995թ-ին, 2018թ-ի հունվար ամսից մինչև նույն թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևան քաղաքում գործող տուրիստական կազմակերպության վաճառքի գծով մենեջերի հաստիքը, հանդիսանալով նյութական պատասխանատու անձ և օգտվելով իրեն ընձեռված լիազորություններից, ինչպես կազմակերպության պաշտոնական, այնպես էլ իր կողմից բացված ոչ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով կազմակերպության անունից ամրագրումներ է կատարել ՀՀ-ում գործող տարբեր հյուրանոցային և ռեստորանային համալիրներում, որոնց դիմաց կազմակերպությանը դիմած քաղաքացիներից կանխիկ և անկանխիկ եղանակով, մաս-մաս ստացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 610 515 ՀՀ դրամ գումարը հանելով ընկերության գույքային ընդհանուր ֆոնդից, յուրացրել է՝ այդ կերպ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

Բացի այդ, պարզվել է նաև, որ 24-ամյա աղջիկը, միաժամանակ զբաղեցնելով Երևան քաղաքում գործող մեկ այլ տուրիստական ընկերության տնօրենի պաշտոնը ևս, շարունակել է իր հանցավոր գործունեությունը. խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018թ-ի հոկտեմբերից մինչև 2019թ-ի ապրիլ ընկած ժամանակահատվածում, տարբեր պետություններ մեկնելու համար ավիատոմսեր ձեռք բերելու, տրանսֆերներ ապահովելու և հյուրանոցներ ամրագրելու համար իրեն դիմած թվով 55 քաղաքացիներից խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, խեղաթյուրելով իրականությունը, մոլորության մեջ գցելով նրանց, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 40․526․125 ՀՀ դրամ գումար։

Քննության տվյալներով՝ 24-ամյա աղջիկը, ձեռք բերելով հիշյալ քաղաքացիների վստահությունը և առաջարկելով շուկայականից էականորեն տարբերվող էժան գին, կնքել է ծառայությունների մատուցման ձևական պայմանագրեր՝ ի սկզբանե նպատակ ունենալով քաղաքացիներից հափշտակել ավիատոմսեր գնելու, հյուրանոցի վարձավճարը կատարելու և տրանսֆերները ապահովելու համար նախատեսված գումարը՝ չկատարելով իր կողմից ստանձնած պարտավորությունները:

Այնուհետև խաբեությամբ, այն է` խեղաթյուրելով իրականությունը, ներկայացրել է, թե, իբր, արդեն կատարվել են հյուրանոցի, տրանսֆերի և ավիատոմսերի ամրագրումները, ինչի դիմաց քաղաքացիներից առձեռն կամ բանկային փոխանցմամբ ստացել ու հափշտակել է տարբեր չափերի գումարներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: