Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո-զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC համագործակցություն հաստատեց «Վելո Քլաբ» երիտասարդական ՀԿ-ի հետ, որը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում՝ որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը։

Ինչպես տեղեկացնում է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, համագործակցության արդյունքում Խնձորուտ համայնքին կից ճանապարհը պատրաստվել և գծանշվել է՝ ըստ Տուրիզմի կոմիտեի ուղեցույցերի, տեղադրվել են 10 ինֆորմացիոն և ուղղություն ցույց տվող ցուցանակներ:

Արդեն գարնանը «Վելո Քլաբ»-ը կսկսի ընդունել հայտեր հեծանվորդներից և կխթանի հեծանվային տուրիզմի զարգացումը լեռնային գոտիներում նպաստելով զբոսաշրջիկների թվի աճին դեպի գյուղական և հեռավոր համայնքներ ապահովելով նվազագույնը 1 գիշերակաց տեղական հյուրատներում։

Աշխատանքային այս մոդելը կրկին ի ցույց է դնում գյուղերի ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը, կապը համայնքների միջև, ինչպես նաև համայնքային զարգացման բիզնես մոդելների փոխկապակցվածության անհրաժեշտությունը:

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ։