ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայկական տառարվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Դեկտեմբերի 11-ին՝ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 14-րդ նիստին միաձայն որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» հայտը:

Ազգային արժեքների հանրահռչակումը մեր առաջնահերթություններից է»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.) և «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ.) տարրերը: