Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։

Փառատոնի մեկնարկի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը նշել է․

«Ե՜վ Խաչատրյանի փառատոնը‚ և՜ Խաչատրյանի միջազգային մրցույթը շատ անելիքներ ունեն՝ ի նպաստ մեր երկրի միջազգային հեղինակության ու վարկանիշի բարձրացման»:

Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը նշել է․

«Մենք մաեստրո Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես ենք գալու ոչ միայն այստեղ՝ Երևանում‚ այլև 2020թ. հունվարին եվրոպական շրջագայության շրջանակում։ 2020թ-ը շատ հիշարժան է լինելու ինձ համար. սերտորեն համագործակցելու եմ այս հիասքանչ կոլեկտիվի հետ։ Ես մեծ հարգանք ունեմ մաեստրո Սմբատյանի‚ նրա վարպետության‚ և մարդկային որակների նկատմամբ‚ ինչն արտահայտվում է նաև բեմում։ Ես շատ սիրում եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. հրաշալի երաժիշտներ են‚ այնտեղ միշտ ջերմ մթնոլորտ է։ Եվ այդ գեղեցիկ մթնոլորտը մղում է ստեղծագործելու։ Շատ եմ սպասում նաև հանդիսատեսի հետ հանդիպմանը»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է‚ որ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 14-ին ներկայացվելիք համերգային ծրագիրը՝ Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար‚ Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»‚ հնչելու է նաև հունվարին Եվրոպայի տարբեր քաղաքներում՝ Մյունխենում‚ Զալցբուրգում‚ Շտուտգարտում‚ Բեռլինում‚ Լոնդոնում‚ Վիեննայում‚ Պրահայում‚ Մոսկվայում։

«Մենք պետք է աշխարհին ներկայացնենք մեր սիմֆոնիկ ստեղծագործությունները‚ և դա մեր առաքելությունն է»‚- ասալ է դիրիժոր Սմբատյանը։

Ասուլիսի ընթացքում Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվել է հուշագիր՝ 2019-2020թթ. համերգաշրջանի ընթացքում կողմերի համագործակցության և Վենգերովի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստ լինելու մասին։

Հիշեցնենք‚ որ դեկտեմբերի 14-21-ը Երևանում կանցկացվի Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն ընդգրկում է 5 համերգ. 3-ը՝ սիմֆոնիկ‚ 2-ը՝ կամերային։ 7-րդ անգամ Երևանում անցկացվող Խաչատրյանի միջազգային փառատոնը‚ ինչպես ամեն տարի‚ այս անգամ ևս երաժշտասերներին կներկայանա պրեմիերաներով‚ հետաքրքիր ծրագրերով և անվանի մենակատարներով։

Անցած տարիների ընթացքում խաչատրյանական փառատոնը հյուրընկալել է համաշխարհային աստղերի‚ ներկայացրել է համաշխարհային ու հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ‚ համերգային նոր ձևաչափեր‚ նոր ծրագրեր‚ համագործակցել է հայաստանյան բազմաթիվ կոլեկտիվների հետ։